Անդրկովկասի հարավային մասում գտնվում է մի փոքր և շատ գեղեցիկ երկիր` Հայաստանը, որը կապում է Եվրոպան Ասիայի հետ: 2000 տարի առաջ այս երկիրը Մերձավոր Արևելքի հզորագույն պետություններից մեկն էր: Այսօր այն մեզ ներկայանում է որպես ժամանակակից երկիր` իր բարի և տաղանդավոր մարդկանցով, հին պատմությամբ, հարուստ բիբլիական լեգենդներով, բազմաթիվ պատմական հուշարձաններով, ավանդական հյուրասիրությամբ, համեղ և առողջ սննդամթերքով, գեղեցիկ բնությամբ և անվտանգ շրջակա միջավայրով:
Հայաստանը գտնվում է Սև և Կասպից ծովերի միջև, և ժամանակին ելք է ունեցել դեպի այդ ծովեր: Հյուսիսում այն սահման ունի Վրաստանի, արևելքում` Ադրբեջանի, հարավում` Իրանի, իսկ արևմուտքում` Թուրքիայի հետ:
Հայաստանի մակերեսը 29800 կմ2 է: Երկրի տարածքն ունի 360 կմ երկարություն և 200 կմ լայնություն: Հայաստանի տարածքի մեծ մասը գտնվում է ծովի մակերևույթից 1000-2500 մետր բարձրության վրա, իսկ հյուսիսից և արևելքից այն եզերված է Փոքր Կովկասի լեռնաշղթայով: Ամենաբարձր լեռնագագաթներն են Արագածը (4090 մ) և Կապուջուղը (3904 մ): Ընդ որում, հայտնի Արարատ լեռը հիմա գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն հենց Հայաստանից է, որ կարելի է հիանալ աշխարհի ամենաբարձր լեռան վեհաշուք գեղեցկությամբ: Արարատ լեռան բացարձակ բարձրությունը, այսինքն` ստորոտից մինչև գագաթը 5 կմ-ից ավելի է, այն դեպքում, երբ Էվերեստինը 3 կմ է (8 կիլոմետրը ծովի մակարդակից ունեցած բարձրությունն է):
Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է:
Տես զբոսաշրջիկների համար օգտակար մանրամասն տեղեկատվություն: