Մարտի կեսերից ձյունը սկսում նահանջել: Սարերը մերկանում են աստիճանաբար` ամաչելով իրենց մերկությունից, իսկ անձրևների ժամանակ հաճախ Թեղենիս լեռան գագաթում երևում է ձյան ծածկոցը: Այս միջսեզոնային շրջանում կարելի է անզեն աչքով տեսնել բնության վերածնունդը. թռչունները ողջունում են արևին, հողի տակից դուրս է գալիս նոր, վառ կանաչ խոտը, երկինքը ստանում է այնպիսի կապույտ գույն, որին նայելիս սիրտդ թնդում է, իսկ սառը օդը բերում է անտառի հոտը: Հաճելի է այստեղ գալ մշտապես աղմկոտ քաղաքից և լսել Գարնան ձայնը: Եվ չնայած այն բանին, որ օրվա մեջ մի քանի անգամ եղանակը փոխում է իր տրամադրությունը, սակայն գարունը Ծաղկաձորում միշտ պարգևում է կյանքի նոր օրվանից բխող ուրախությունը:
Մարդու սիրտը նվաղում է` խոնարհվելով այն ամենի առջև, ինչ կենդանի է, ամեն ինչ զրնգում է, երգում, խաղում, փոքր կապույտ թիթեռնիկները նստում են մատներիդ վրա և չեն ուզում թռչել, սպիտակ փարթամ ամպերը դանդաղ` կարծես զգալով իրենց կարևորությունը, լողում են ջինջ կապույտ երկնքում, ձմռանը դեռևս ձյունապատ բարձր սրածայր լեռներն այժմ վեր են ածվել կանաչ բլուրների, որոնք թավիշ հագած դեպի իրար են լողում գետնի վրա… Իսկ շուրջբոլորը` ԾԱՂԻԿՆԵՐ: Հսկայական երեքնուկը, դեղին ու նրբիկ բարբարուկը, սիրունիկ երեքնուկները, վեհաշուք կակաչները, կապտա-մանուշակագույն զանգակները, ինչպես նաև` գեղեցիկ ծաղիկների մուգ կարմրագույն, մորեգույն, դեղին և սպիտակ ալիքներով ծածկված դաշտեր: Թափանցիկ օդում նրանց բույրը տարածվում է շրջակա անտառներով, և ամեն առավոտ ուզում ես արթնանալ և ապրել հենց դրա համար:
Ծառերի դեղին, կարմիր, խամրած կանաչ պսակներ: Սնկի հոտը տարածվում է անտառներում, իսկ ուշացած ծաղիկներինը և չոր խոտինը` դաշտերում: Հաճելի է աշնանային Ծաղկաձորով շրջել հեծանիվով կամ ձիով: Հաճելի է այստեղ զգալ ներդաշնակությունը բնության հետ և վայելել արևի մեղմ ճառագայթները: Հաճելի և շատ ռոմանտիկ է այստեղ անցկացնել հարսանյաց արարողությունը: Հենց հիմա ներշնչման և ստեղծագործության պահն է, և դուք անսպասելիորեն ձեր մեջ բացահայտում եք գրողի, բանաստեղծի կամ նկարչի տաղանդը: Կամ պարզապես զարմանում եք, թե ինչ սրությամբ եք ընկալում քուն մտնող բնությունը: Աշունը դեռ երկար իր տաքությունն է պարգևում այստեղ այցելող զբոսաշրիկներին:
Ձյունը գալիս է դանդաղ` մեկ գիշերվա ընթացքում: Առավոտյան արթնանում ու տեսնում եք, որ ամեն ինչ ծածկված է սպիտակ, փափուկ ձյան ծածկով, որի վրա արևի ճառագայթների տակ խաղում են ծիածանի բոլոր գույները: Ձյան տակից տեղ-տեղ երևում են եղևնու կանաչ թաթերը: Քաղաքը վերածվում է հսկայական սպորտային բազայի. սկսվում է լեռնադահուկային սպորտաձևի սեզոնը: Դահուկներ, սահնակներ, սնոբորդեր, ձնագնդի, չմուշկներ –ընտրեք ձեր սրտի ուզած զվարճանքը: Ձմեռը պարգևում է ազարտ, ուրախություն և ընկերական աղմկոտ հավաքներ: Իսկ ձմեռվա թարմ օդը շնչելուց հետո հաճելի է փորձել տաք բորշչը, հյութալի խորովածը և խմել գլինտվեյն կամ մեկ-երկու բաժակ բուրումնալից կոնյակ: Արյունը սկսում է եռալ, և ձմեռային տրտմությունը և գորշ ձանձրույթը այլևս տեղ չունեն ձեզ մոտ: